Nov. 2, 2015

007. Բնավորության որոնումները

Երեկ սկսեցի կարդալ Charles R. Swindoll, The Quest for character (Բնավորության որոնումները) գիրքը անշտապ ուսումնասիրելով հանդերձ։

Որպես բնաբան են ընտրված Հակոբոս 1.2-4 համարները. «Բոլորովին ուրախություն համարեցեք, եղբարներս, երբ որ կերպ-կերպ փորձանքների մեջ ընկնեք։ Գիտենալով, որ ձեր հավատի փորձառությունը համբերություն է գործում։ Իսկ համբերությունը թող կատարյալ գործ ունենա, որ կատարյալ (հասուն բնավորությամբ մարդ դառնաք - Ֆիլիպսի թարգմանություն) և ամբողջ լինեք, և ոչ մի բանի պակասություն չունենաք»։

Ռոբերտ Բալարդն այսպես է գրում իր ամբողջ կյանքի երազանքի մասին. «Տիտանիկին ուղղված իմ առաջին հայացքը տևեց մի քանի րոպե, բայց օվկիանոսի հատակից բարձրացած նրա վիթխարի կմախքի այն փայտացած հայացքը ընդմիշտ կհիշեցնի այդ պատկերը, որ ներթափանցել է իմ ուղեղը։ Իմ ամբողջ կյանքի երազանքն էր գտնել այդ մեծ նավը, և տասներեք տարիների ընթացքում նրա որոնումները տիրում էին իմ կյանքի վրա։ Հիմա, վերջապես, որոնումներն ավարտվել են», «... Որոնումներն ավարտվել են։ Թող նա խաղաղությամբ հանգչի»։ Առաքելությունն ավարտված է։

Ամբողջ կյանքի երազանք. որոնումներ... Ի՞նչ է նշանակում որոնումներ (անգլերեն quest): Վեբսթերի բառարանը գունագեղ սահմանում է տալիս որոնումներ (quest) բառին. «Ասպետական ձեռնարկ միջնադարյան ռոմանտիկայով, որ սովորաբար ներառում է արկածախնդիր ճանապարհորդություն»։

Որո՞նք են քո որոնումները։ Դու ունե՞ս ամբողջ կյանքի երազանքը։ Ինչ-որ բան, որ իշխում է քո կյանքում, որ բավարար է, որ  ուշադրությունը գրավի 13 կամ ավելի տարիների ընթացքում։ Որոնումները վառելանյութ են մեր ներքին կրակի համար։

Մենք բոլորս էլ շրջապատված ենք և օգտվում ենք ինչ-որ մեկի որոնումների արդյունքից։ Թույլ տվեք դրանցից մի քանիսը թվարկել.

1. Իմ գլխավերևում վառվում է էլեկտրական լույսը։ Շնորհակալություն, Էդիսոն։

2. Ես հիմա Mac համակարգչից եմ օգտվում։ Շնորհակալություն, Ջոբս։

3. Ես երթևեկում եմ մեքենաներով։ Շնորհակալություն, Ֆորդ։

4. Ես շատ օգտակար գրքեր ունեմ։ Շնորհակալություն, հեղինակներ։

5. Իմ ուղեղը կարողանում է գաղափարներ ու մտքեր ծնել, հիշողություններ ունենալ և  ստեղծագործել։ Շնորհակալություն, ուսուցիչներ։

6. Ես ունեմ իմ ներքին դիմագիծը, համուզմունքներ, բարու և չարի զանազանման ունակություն, սեր առ Աստված, բարոյական կողմնացույց, ամբողջ կյանքի ընթացքում նվիրվածություն կնոջս ու ընտանիքիս։ Շնորհակալություն, ծնողներ։

7. Ես ունեմ ազատություն, խաղաղություն։ Շնորհակալություն, նահատակներ։

8. Ես լսում եմ հրաշալի երաժշտություն և քնարերգություն։ Շնորհակալություն, երաժիշտներ և բանաստեղծներ։

9. Ես ունեմ սիրելի եկեղեցի և Աստծուն երկրպագելու հնարավորություն։ Շնորհակալություն,  հովիվներ։

10.  Տանը ես ունեմ հրաշալի հարմարավետություն, համեղ սնունդ և հաճելի մթնոլորտ։ Շնորհակալություն, Ազնիվ։

Իմ այս ցուցակը կարելի է անվերջ շարունակել։ Իսկ ինչպե՞ս է ձեր ցուցակի հարցը։ Կարծում եմ, դուք էլ ունեք այդպիսի ցուցակ։ Ինչ-որ մեկը որոնել և գտել է մեր կյանքը հեշտացնելու և մեզ երջանկացնելու ձևը։

Իսկ դո՞ւք։ Երազո՞ւմ եք հոդված կամ գիրք գրել։ Գրե՛ք։ Երազո՞ւմ եք սովորել և գիտական աստիճան ստանալ։ Սովորե՛ք։ Երազո՞ւմ եք երեխաների հետ աշխատել։ Աշխատե՛ք։ Երազո՞ւմ եք որևէ գործի վարպետ դառնալ։ Դարձե՛ք։ Երազո՞ւմ եք գարծարարությամբ զբաղվե՞լ։ Զբաղվե՛ք։ Երազո՞ւմ եք Աստծո գործում օգտակար լինել։ Եղե՛ք։

Աստված մշտապես որոնումների մեջ է։ Ի՞նչ է Նա որոնում։ Նրա ցանկությունն է, որ մենք «իր Որդու պատկերին կերպարանակից» լինենք (Հռոմեացիս 8.29), «Նա որ ձեզանում սկսեց այս բարի գործը, կկատարի էլ (Փիլիպեսցիս 1.6), մենք «հաստատված (ենք) բարի գործերի համար» (Եփեսացիս 2.10), «Եվ սույն այս բանի համար ամեն ջանք անելով ձեր հավատքով ներկայացրեք առաքինությունը, և առաքինությունով` գիտությունը և գիտությունով` ժուժկալությունը և ժուժկալությունով` համբերությունը և համբերությունով` աստվածպաշտությունը և աստվածպաշտությունով` եղբայրսիրությունը և եղբայրսիրությունով` սերը» ( Բ Պետրոս 1.5-7)։ Մի խոսքով. «Բնավորությունը»։

Իր բնավորությունը արտացոլված իր զավակների մեջ. ահա Աստծո որոնումների նպատակը։ Մեր բնավորության զարգացման և աճի համար մենք պարտական ենք Աստծուն։ Շնորհակալություն, Տեր։

Սակայն Աստված վակուումի մեջ չի գործում, Նրա որոնումները դառնում են մեր որոնումները։ Մենք օգտագործում ենք աստվածաշնչյան «սիրտ» բառը, քանի որ այն նշանակում է մի վայր, որտեղ ձևավորվում են մեր բնավորությունները։ Նախ, պետք է պահպանենք մեր սիրտը, հետո` տանք մեր սիրտը։

Սրա մասին դեռ շատ կխոսենք ապագայում։

Թող բնավորության արկածախնդիր որոնումներով ճանապարհորդությունը դառնա մեր ամբողջ կյանքի երազանքը։